Հայաստան

Բերդեր և ամրոցներ

Վայրը` Վայոց Ձոր, գ. Արտաբույնք

Կառուցվել է` V դ.

Երևանից` 140կմ/2Ժ

      Սմբատաբերդի (կամ Ցաղաց Քարի բերդի) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով:   Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է: Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի(Ավարայրի ճակատամարտ) մասին: Հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։   Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անվան ծագումը. ժողովուրդը ավանդաբար այն Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։   Բերդը կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր:   Երկու հատվածներում էլ կան զորանոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց Քարի մերձակայքից: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Վայոց Ձորի մարզում է գտնվում նաև Գնդեվանքը:  

Վայրը` Արցախ, Շուշի

Կառուցվել է` XVIII դ

Երևանից` 320կմ/6Ժ

Շուշիի ամրոցը կառուցվել է 18-րդ դարում Լեռնային Ղարաբաղում: Այն պատկանել է Վարանդայի տիրակալ` Մելիք-Շախնազարյանին: Միջնադարյան քաղաք ամրոցը ունեցել է նաև իր գաղտնուղին, որը դուրս էր գալիս Կարկառ գետի մոտ:   Հին ժամանկների ռազմական տեխնիկայի համար անմատչելի պարիսպները կառուցված էին կրաքարից: 7-8 մ բարձրությամբ պատերն ուժեղացված էին կիսակլոր աշտարակներով: Շուշիի պաշտպանական համակարգում առաջնահերթ դեր են խաղացել ամրություններից հարավ գտնվող բազմաթիվ քարանձավները:   Ղարաբաղ այցելելիս՝ հետաքրքիր կլիներ նաև Տնջրի ծառն այցելել Սխտորաշեն գյուղում:

Վայրը` Շիրակի մարզ, Գյումրի

Կառուցվել է` 1830-1836 թթ.

Երևանից` 122կմ/2Ժ 20ր.

    «Սեւ» բերդը Գյումրիում կառուցվել է դեռեւս 1834 թվականին: Ռուսական ցար Նիկոլայ I-ի Գյումրի այցելությունից հետո՝ 1837 թվականին, քաղաքը վերածվեց բերդ-ամրոցի, ապա ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ:   Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո: Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը:   Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր: Այս բերդը կառուցվել է ժամանակի ռազմական արվեստի վերջին խոսքով, և միակն է այն քչերից նախկինՌուսական կայսրության մեջ, որի բացմանը ներկա է եղել անձամբ կայսրը:

Վայրը` Արցախ, Ստեփանակերտ

Կառուցվել է` XVIII դ

Երևանից` 341կմ/6Ժ 40ր.

    Մայրաբերդ ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Ամրոցի կառուցումն իրականացվել է XVlll դ. 50-ականներին: Հնում ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ: 2մ հաստությամբ և 9մ բարձրությամբ կրկնակի պարիսպները և դիրքը անհաղթահարելի պատնեշ էին թշնամիների համար:   Կարքառ գետի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ: Արցախի սիրտը պաշտպանելու համար, այդ դարպասը XVIII դ. վերածվել է եզակի հատակագիծ ունեցող անմատչելի ու ամուր ամրոց հենակետի:

Վայրը` Լոռու մարզ

Կառուցվել է` 1005-1020 թթ.

Երևանից` 142կմ/2Ժ 20ր.

  Լոռի Բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է ներկայիս Լոռվա մարզում` Ստեփանավանի դենդրոպարկից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին: 1065-ին Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—89) Լոռին դարձրեցԿյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: 11-13 դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: 1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734-ին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: 18 դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—30-ին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը): Ամրոցը զբաղեցրել է 33հա տարածք և ծաղկում է ապրել 11 դ 2-րդ կեսին՝ դառնալով Տաշիր-Ձորագետթագավորության մայրաքաղաք: Լոռի-Բերդի ամրոցում պահպանվել են եկեղեցին և 2 բաղնիքները: Ամրոցի մոտ, կիրճի ներքևի մասում է գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որը կտրում անցնում է Ուռուտ գետը: Կամուրջի ձախ կողմում, ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ են:

Վայրը` Լոռու մարզ, գ. Հաղպատ

Կառուցվել է` 1233թ.

Երևանից` 185կմ/3Ժ

      Կայանբերդը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` Հաղպատ և Սանահին գյուղերի միջև:   Ըստ շինարարական արձանագրության, Կայանբերդը կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թվականին։ Բերդը կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կայանբերդ և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են)։ 1241 թվականին ամրոցին մեծ վնաս են հասցրել թաթարները։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին:  

Վայրը` Սյունիքի մարզ, Կապան

Կառուցվել է` XVII դ.

Երևանից` 310կմ/4Ժ 50ր

Հալիձորի բերդը (Հալիձորի Սբ. Աստվածածնի կուսանաց անապատ) հայկական ճարտարապետական համալիր  է ՀՀՍյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Այն կառուցվել է XVII դարի 1-ին կեսին։ Այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի:  Մելիքական այս տունը Կապանի տարածաշրջանում իշխող մելիքական տներից ամենանշանավորն է եղել:   Կա կարծիք, որ այս տոհմը սերում է Սյունյաց Ձագիկ իշխանից: Մելիք-Փարսադանյանների տոհմին է պատկանում հայազգի պանծալի զորավար Դավիթ Բեկը: Հալիձորի բերդը պարսպապատ է, ունի մի քանի բուրգեր.  բերդի դիմաց եղել են Մելիք-Փարսադանյանների պղնձահանքն: XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:   Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ X դ. սկգբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.։   1711-ին անապատում չարանենգորեն սպանվել է Տաթևի վանքի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը: XVIII դ. Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հալիձորի կուսանաց անապատը դարձրել է Սյունիքի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով. հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ` շրջանաձև բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է: Անմշակ բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք. հյուսիսից և հարավից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն:   Հալիձորի կուսանաց անապատի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրքական բազմահազարանոց բանակի հարձակումներին:

Վայրը` Արարատի մարզ, գ. Ուրցաձոր

Կառուցվել է` X-XIII դդ.

Երևանից` 62կմ/1Ժ

  «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք. հիմադրվել է X-XIII դդ: Այստեց է նաև թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառած է XII-XIII դդ եկեղեցու ավերակները:   Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է` կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով: Համալիրի բնակելի և տնտեսական թաղածածկ սենյակները կից են հարավային և արևելյան պարիսպներին: Այս կարգի ամրոցները Հայաստանում կարևոր ռազմական կենտրոնի դեր են կատարել:

Վայրը` Երևան

Կառուցվել է` 782թ. Ք.Ա.

  Երևան այցելող զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքիր է այս հինավուրց քաղաքի հիմնադրման պատմությունը, որին ծանոթանալու հինալի հնարավորություն է Երևան սիթի տուրի շրջանակներում Էրեբունի ամրոցի այցելությունը:   Էրեբունի ամրոցը, որ գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է Ք.Ա. 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը:   Էրեբունին ունեցել է հզոր զինվորական կայազոր և եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ: Ուրարտական պետությունը Էրեբունիի հիմնադրման ժամանակ տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության էր հասել և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։   Քաղաքաշինական տեսանկյունից Էրեբունին ուրարտական շատ այլ քաղաքների նման ունի բավական պարզ կառուցվածք։ Այս շրջանի բոլոր քաղաքների ընդհանրությունն այն էր, որ նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Միջնաբերդն այժմ ամողջությամբ պեղված է, ինչը չի կարելի ասել մյուս կառույցների մասին, որոնք փռված են բլուրի շուրջը: Սրանք պեղված են մասնակի և վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնեն և կնպաստեն Մերձավոր Արևելքի պատմության ամբողջացմանը։   Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ, հարավ-արևելյան հատվածում կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։   Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։  

Վայրը` Վայոց Ձոր, գ. Գլաձոր

Կառուցվել է` XIII դ.

Երևանից` 140կմ/2Ժ 30ր.

  Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վերնաշենից 6-7կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց: Այն հիմնադրվել է 13-րդ դարում Պռոշյանների Պռոշ իշխանի կողմից:   Բոլորաբերդը եղել է իշխանանիստ. գրավել է լեռան գագաթի 1-1,5հա տարածությամբ հարթությունը: Այն ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը

Վայրը` Արագածոտն

Կառուցվել է` VII դ

Երևանից` 49կմ/50ր

 Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Բյուրականի աստղադիտարանին բավականին մոտ: Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։   Դղյակը բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:   Բաղնիքը գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Մատուռը գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ: Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:   1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։  1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։   Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրիօրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ:  
Яндекс.Метрика