Հայաստան

Եկեղեցիներ և վանքեր

Վայրը՝ Արագածոտն

Հիմնադրվել է՝ 6 դ

Երևանից՝ 66 կմ/1Ժ

Մաստարան գտնվում է Թալին քաղաքից 6 կմ հյուսիս, Արագածի հարավ-արևմտյան փեշերի: Միջնադարյան Հայաստանի վաղ շրջանի ճարտարապետական ինքնատիպ կառույց է Մաստարայի սբ. Հովհաննես եկեղեցին: Ըստ ավանդության` Գր. Լուսավորիչը կեսարիայից բերել է սբ. Հովհաննեսի մասունքները և մի մասունք թաղել է այստեղ, վրան կառուցել եկեղեցի ու գյուղին տվել Մաստարա անունը, որը նշանակում է՝ մասը տարա: Տարբեր ժամանակներում Մաստարայում բնակություն են հաստատել Սասունի, Բասենի, Խնուսի, Կարսի, Խոյի և այլ շրջաններից գաղթածները:

Վայրը՝ Արագածոտն

Հիմնադրվել է՝ 5-7 դ

Երևանից՝ 66 կմ/1Ժ

  Այս բազիլիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Այն իր կառուցվածքով հիշեցնում է Դվինի Կաթողիկեն։ Թալինի Կաթողիկեն խիստ տուժել է 1840 թ. երկրաշարժից. ավերվել են նրա գմբեթն ու շենքի հարավ-արևմտյան մասը։ 1947, ապա 1970-74 թ.-ին եկեղեցին վերանորոգվել է։ Թալինի Կաթողիկեն ամբողջովին պատված է եղել որմնանկարներով, որոնց մի մասն է միայն պահպանվել։

Վայրը` Արմավիրի մարզ

Հիմնադրվել է` 653թ

Երևանից` 16կմ / 19րոպե

 Բացառիկ ճարտարապետական արժեք է ներկայացնում Վաղարշապատից քիչ հեռու գտնվող  «Զվարթնոցի»համալիրը, որն իր մեջ ներառում է  «Զվարթնոցի» տաճարը և մոտակայքում գտնվող կաթողիկոսական պալատը: Այս հիասքանչ համալիրը 641–661թվականներին կառուցվել է Ներսես III Շինող կաթողիկոսի պատվերով, ում ակտիվ շինարարական գործունեության շնորհիվ «Շինարար» էին կոչում:   Զվարթնոցը հիմնված է այն ճանապարհին, որով Տրդատ III թագավորը գնաց դիմավորելու Վաղարշապատ ժամանողԳրիգոր Լուսավորչին, և ենթադրվում է, որ Ներսես III կաթողիկոսը տաճարը կառուցեց ի հավերժացումն այդ հանդիպման, քանի որ այն նաև կոչվում Էր Սուրբ Գրիգոր: Այստեղ են պահպանվում վերջինիս մասունքների մի մասը: Սակայն համալիրը ավելի հայտնի դարձավ «Զվարթնոց անունով, քանի որ այն նաև նվիրված էր երկնային զվարթուններին՝ հրեշտակներին։ Այսպիսով՝ «Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:   «Զվարթնոցը» կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ «Զվարթնոցը» տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան «Ջվարթնոցը» այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ: Ենթադրաբար «Զվարթնոցի» տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն:   Հայկական ճարտարապետությունը կրել է «Զվարթնոցի» ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է: Երևանի Օպերայի և Բալետի թատրոնի շենքը նմանություններ ունի Զվարթնոցի տաճարի հետ:   Սկսած 1937 թ. արգելոց-թանգարանում կազմակերպված բաց և փակ ցուցադրությունների հիմնական նպատակը ոչ միայն «Զվարթնոցի» պատմության և ճարտարապետության ներկայացումն է եղել, այլև պատկերացում տալ հայկական ճարտարապետության ակունքների, նրա ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա «Զվարթնոց» տաճարի թողած ազդեցության և հայ մշակույթի պատմության մեջ նրա խաղացած դերի մասին:  

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1694թ

  Զորավոր Սուրբ Աստվածածինը Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Կառույցը անվանվել է Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։ Այստեղ է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Խորհրդային կառավարության տարիներին, տարբեր նպատակների ծառայելուց հետո, Ս. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։Էջմիածնի Մայր Տաճարի հովանավորությամբ 1974-78 թթ եկեղեցին հիմնանորոգվել է:   Եկեղեցու եզակի գանձերից է նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսին խաչին զոհաբերած տեսարանը։ Այս եկեղեցին 17-րդ դ. վերջին բնորոշ երևանյանհուշարձաններից է։  

Վայրը` Արագածոտնի մարզ, գ. Անիպեմզա

Հիմնադրվել է` V դ

Երևանից` 103կմ / 1ժ 36րոպե

  Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում: Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։   Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է: Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է: Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է:   Իր ճարտարապետական տիպով Երերույքը եռանավ բազիլիկ եկեղեցի է, կառուցված V դ.: Տաճարն աչքի է ընկնում իր զարմանալի հորինվածքով: Տաճարը կառուցվել է վեցաստիճան վիթխարի ստիլոբատի վրա: Տաճարի կողքին պեղվել է 200 մ երկարությամբ անտիկ ջրամբարի պատնեշը` հին հայերի ինժիներական մտքի ապշեցուցիչ օրինակ:   Այս ամենը առանձնակի գեղեցկությամբ լրացնում է Ախուրյան գետի (որից իր սկիզբն է առնում Արփի լիճը) անդնդախոր կիրճը և շրջակա լեռների լռությունը:   Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են։ Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել։ Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել։ Դրանց շնորհիվ այրերի ներսում բավականին լուսավոր է։ Պատերի վրա փորվածքներ են արված այնպես, որ կարելի է նստել կամ ինչ որ առարկաներ դնել։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք արտաքնապես նման են սեղանի և թիկնակներով երկու աթոռի։ Սակայն, հավանաբար, սրանք ինչ–որ շինության բեկորներ են եղել։   Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։   Այս ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այստեղ բացառապես վաղ քրիստոնեական շրջանի մնացորդներ են: Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան: Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ:  
Որոտնավանքը, կամ Վաղատնի վանքը, գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Որոտան գետի կիրճի եզրին: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, այս վանքային համալիրը Հայաստանի ամենախոշորներից մեկն էր: Համալիրի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցու (ներկայումս քանդված) հիմնադրողն էր Գրիգոր Լուսավորիչը: Վաղ միջնադարում եկեղեցին, որը նշանավոր ուխտատեղի էր, հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու զորությամբ: Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից և օժանդակ կառույցներից: 1000 թ. Սյունյաց Սմբատ թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին, Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ կառուցել է թաղածածկ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Այն ունի երկու ավանդատուն, աղոթասրահ և գավիթ: Վանքի երկորդ՝ Սուրբ Կարապետ եկեղեցին, կառուցել է Շահանդուխտի կրտսեր որդի` Սյունյաց Վասակ թագավորի եղբայր, իշխան Սևադան 1006-1007թթ.: Վանքի բակում, Տաթևի օրինակով, Շահանդուխտ թագուհին տեղադրել է սյուն գավազանը (քանդվել է 1931թ. երկրաշարժի ժամանակ), եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշ, որի առկայությունը վկայում էր այն մասին, որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ, օծվել են իշխաններ և այլն: Սուրբ Կարապետ եկեղեցին գմբեթավոր, ներքուստ խաչաձև, եռախորան հորինվածք ունի: Նրա չորս անկյուններում գտնվում են ավանդատները: Եկեղեցին ներսից զարդարված էր որմնանկարներով: Պահպանված հատվածի վրա պատկերված է աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում` հրեշտակ: Երկու եկեղեցիներին կից են սյունասրահները, որոնք ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն: Այստեղ են թաղված վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և նրա որդի Սևադան: Վանքը շրջապատված էր պարիսպով, որից միայն ավերակներ են մնացել: Վանքի բոլոր շինությունները կառուցված են տեղական բազալտից: Վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: 1438թ. վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը եղել է գրչության կենտրոն: Այստեղ ապրել ու աշխատել են հանրաճանաչ հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլն: Վանքը գործել է մինչև XX դարի սկիզբը: Նրա բոլոր շինությունները տուժել են 1931թ. երկրաշարժի ժամանակ: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 1980-ին, բայց մինչև օրս չեն ավարտվել:

Վայրը՝ Սյունիքի մարզ

Հինադրվել է՝ 10 դ.

Երևանից՝ 311 կմ/ 4 ժ. 30 ր.

  Վահանավանքը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայությանը, վանքի հիմնադիրն է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, որի անունն էլ կրում է վանքը: Առաջինը 911թ. կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:   Վահանավանքը հայ ճարտարապետական մտքի գեղեցկագույն կոթողներից մեկն է, Սյունյաց աշխարհի անգին զարդերից մեկը: Վանական համալիրը շրջապատվծ է գեղեցիկ անտառներով: Վանքի տարածքում կա նաև X դարում կավե խողովակներով կառուցված աղբյուր, որը գործում է մինչ օրս:   Համալիրը եղել է հայտնի մշակութային կենտրոն: Ունեցել է դպրոց, որտեղ ուսանելու են եկել Սյունիքի տարբեր բնակավայրերից: Նյութապես հզոր վանական համալիր է եղել, ունեցել է սեփական գյուղեր, մեծ հողային տարածքներ:

Վայրը` Արագածոտնի մարզ, գ. Տեղեր

Հիմնադրվել է` XI դ

Երևանից` 40կմ / 50րոպե

  Տեղերի վանքը (XI դ.) կառուցվել է մուգ մոխրագույն բազալտից Արագածի հարավային լանջին, Տեղեր գետի հովտում: Համալիրը կազմում են գմբեթավոր դահլիճը և գավիթը: Այն կառուցվել է ճարտարապետ Աղբայրիկ վարդապետի կողմից իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ Մամախաթունի հովանու ներքո: Մամախաթունը կանգ առավ այս հեքիաթային հիասքանչ վայրում, որի բոլոր ճանապարհները տանում են դեպի Ամբերդ՝ իր ամուսնու «արծվաբույնը»: «Կանգ առեք այստեղ. ես ուզում եմ իմ տաճարը կառուցել այստեղ, որպեսզի այն պաշտպանի իմ ամուսնուն՝ իշխանաց իշխանին:» - ասաց նա: Եվ այսպես կառուցվեց տաճար-ամրոցը: Երբ իշխանուհին կառույցից տեսավ Արարատը, նրա հոգին հանդարտվեց: Հետո սկսվեցին վայրի քոչվոր ցեղերի արշավանքները, սակայն Տեղերի վանքը մնաց խրոխտ ու ամուր և միչև օրս հսկում է Արարատյան դաշտը:   Եկեղեցին (1213-1232) կազմված է գմբեթավոր դահլիճից և չորս անկյուններում երկհարկանի ավանդատներից՝ ճարտարապետական խիստ ձևերով և զարդանախշերի բացակայությամբ: Գավիթը եկեղեցուց մեծ է: Ճարտարապետական ոճով այն կրկնօրինակոմ է XIII դարի քառասյուն գավիթների տեսակը:   Տեղերից ոչ հեռու, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա, դուք կգտնեք ակադեմիկոս Պարիս Հերունու աշխարհը: Այստեղ է տեղադրված մեծ ճշգրտությամբ առաջին ռադիո-օպտիկ հեռադիտակը, որը թույլ է տալիս մուտք գործել հեռավոր գալակտիկաները և դրանց միջուկները: Արևակայանը կառուցվել է 1992-1994 թթ. ստեղծվել է օրվա ժամը և ամսվա օրը որոշող արևային օրացույցը: Հերունին առաջիններից կարծիք հայտնեց, որ Քարահունջում եղել է աստղադիտարան, որը 7500 տարվա պատմություն ունի, բրիտանական Սթոունհենջից ավելի հին:

Վայրը` Սյունիքի մարզ

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 253կմ / 3ժ 18րոպե

  Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում: Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը:  Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։   895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը:   Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:   Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղարվեստական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ, որ X դ. եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:   «Տաթևի թևեր» ճոպանուղու շահագործման ողջ եկամուտը ուղղվում է Տաթևի վերածնունդ հիմնադրամին, որը նախատեսված է վանքի վերակառուցման և տեղական համայնքի զարգացման համար։ Տաթևի վերածնունդ նախագծի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2010 թ. հոկտեմբերի 16-ին Տաթևի ճոպանուղու գործարկման օրը:   Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսեց նրա խնդրանքը և կատաեց այն: «Տաթև» նշանակում է «Տուր թևեր»: Մոտենալով վանքին, հասկանում ես, թե ինչու հենց այդ անվանումը: Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը, կարծես՝ ճախրում է կիրճի վրա:

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն

Հիմնադրվել է` VIII դ

Երևանից` 135կմ/2ժ

  Թանահատի վանքը վաղ միջնադարյան եկեղեցական համալիր է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։ Կոչվել է նաև «Կարմիր վանք»` կարմիր քարից կաուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհիԱնահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։   Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ Ստեփանոսը, կառուցվել է 1273-1279 թթ.` Պռոշյան իշխանների հովանավորությամբ։ Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ` ուղղանկյուն։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ: Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ լավ վիճակում է։   Գիտնականների մի մասի կարծիքով` այս վանքին կից գործել է Գլաձորի համալսարանը` միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը, հիմնադրված 1282 թ:

Վայրը` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ

Հիմնադրվել է` 1694թ

Երևանից` 20կմ / 22րոպե

  Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է: Այն Էջմիածնիճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ. իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե եկեղեցու արևմտյան մասում:   Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ և այսօր գտնվում է նրա դամբարանը: Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:   Եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, որոնք ավերվել են։ 1980-ականներին եկեղեցու համալիրից մնում էր միայն արևելյան ճակատի մի մասը, որը 1982 թվականի մարտի վերջերրին ևս ավերվեց: Արևմուտքից կից է գավիթը` պսակված զանգակատան ութասյան ռոտոնդայով:   Եկեղեցուն շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան՝ 5-6 դարի կառույց է եղել: Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։   Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից; ավանդատները բնորոշ են IV-Vդդ.:   Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Վայրը` Գեղարքունիքի մարզ

Հիմնադրվել է` IX դ

Երևանից` 68կմ / 52րոպե

  Սևանավանքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական վանական համալիր է:   Ըստ տեղեկությունների՝ այստեղ առաջին՝ Ս. Հարություն եկեղեցին 305-ին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի)` հեթանոսական մեհյանի տեղում: Այն ավերվել է 995 թ երկրաշարժից:  IX դ. Մաշտոց Եղիվարդեցի վարդապետը (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը: Ըստ եկեղեցու արձանագրության վանքը կառուցվել է 874 թ-ին Աշոտ Ա-ի դստեր` Մարիամ իշխանուհու կողմից: Հետագայում վանքը շրջապատվել է պատով, որ քանդվել է 16-17-րդ դարերում:   Միջին դդ Սևանավանքը եղել է պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն): Սևանավանք համալիրում հիշատակված են  ս. Աստվածամայր, ս. Լուսավորիչ, ս. Կարապետ, ս. Հարություն, ս. Հովհաննես Սկրտիչ, Սևանի ս. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և ս Աստվածամայրը:   Համալիրի տարածքում կան հին շինությունների մնացորդներ, խաչքարեր, գերեզմաններ։ 1956-1957 թթ. եկեղեցիները վերանորոգվել են։   Հայկական հին զրույցը պատմում է, որ արքա Աշոտ Երկաթը իր եղբայր Աբասի հետ միասին երդվեցին, որ դուրս կհանեն արաբ թշնամիներին Հայստանի տարածքից: Արքա Աշոտը պաշպանողական դիրք էր գրավել Սևանավանքում: Բայց ուժերը չափազանց անհավասար էին: Եկավ առավոտը: Սևանի վրա խիտ մառախուղ նստեց: Եվ հանկարծ այդ մշուշի մեջ սկսեցին իրենց շարժումը հայկական լաստանավակները՝ վառվող ջահաբոցերով:  Արաբները նավակների մեջ նստած՝ սկսեցին հետապնդել նրանց: Լաստանավակների վրա ոչ ոք չկար: Աշոտ արքան, շարունակելով հետրել ձկնորսի խորհրդին, շրջանցեց արաբներին հետևի կողմից, իր փոքր ջոկատով հարձակվեց նրանց վրա ու ստիպեց փախուստի դիմել: Եվ ավելին: Արևի ճառագայթներն այդ առավոտ այնպիսի ուժով էին լուսարձակում արաբների աչքերը, որ նրանք չէին կարողանում ճիշտ նշան բռնել՝ հայերի նավակների վրա կրակելիս։ Այդ հաղթանակի պարագաներից մեկը այն էր, որ Աշոտ արքան երբեք չէր արհամարհում հասարակ զինվորների ու գյուղացիների խորհուրդները:  

Վայրը` Լոռու մարզ, գ. Սանահին

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 180կմ / 2ժ 20րոպե

  Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում: Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: Սանահինում դասավանդում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ (քննախոսություններ). այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները։   XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։   Սանահինի վանական հաստատությունը բազմաթիվ անգամ ենթարկվել է հարձակման թշնամիների կողմից: Շինության մի մասը այրվել է, իսկ հուշարձանները գողացել են Սելջուկ և պարսկական ավազակային խմբերը: Այն մեծապես վնասվել է բնական աղետներից, հատկապես 1139 թվականի երկրաշարժից:   Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։   Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում: Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են:

Վայրը` Արագածոտնի մարզ

Հիմնադրվել է` 13 դ

Երևանից` 34,2 կմ / 34 րոպե

  Սաղմոսավանքը կառուցել են 13-րդ դարում Վաչուտյան իշխանների կողմից: Գլխավոր եկեղեցուն կից գրատանը տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 1215-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցել է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին և վանքին գյուղ նվիրել: Ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն, անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճով այս եկեղեցին Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա է:  Եկեղեցու ճակատները մշակված են «հայկական խորշերով»: Գմբեթի գլանաձև սլացիկ թմբուկը կառույցին հաղորդում է վերձիգ համաչափություն: XIII դ. առաջին քառորդում Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն արմ-ից կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12-նիստանի վրանաձև ծածկ,բոլորաձև երդիկ՝ վրան բարձրացող 6-սյունանի նրբագեղ ռոտոնդա: Միմյանցից տարբեր և ինքնատիպ են լուծված ծածկի մյուս հատվածները (հայելային, գլանաձև, խաչվող թաղերով, դեկորատիվ տրոմպներով ևն): Գրատուն–եկեղեցին տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են Քուրդ Վաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատին կից: Կառուցվել է 1235 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է: Գերեզմանատունը գտնվում է վանական համալիրից հյուսիս, որտեղ կան XIII-XIV դդ. ուշագրավ խաչքարեր և խաչքար-կոթողներ: Սաղմոսավանքի դպրոցում կարճ ժամանակ դասավանդել է Գրիգոր Տաթևացին: Սաղմոսավանքը եղել է գրչության կենտրոն: Պահպանվել են այստեղ գրված և ընդօրինակված մի քանի ձեռագրեր: Ուշագրավ են Մարկոս և Մխիթար գրիչների 1185–88-ին ընդօրինակած Ճառընտիրը, 1436-ին Կարապետ վարդապետի արտագրած Մաշտոցը, 1496-ին Հովհաննես աբեղայի ընդօրինակած Ավետարանը և այլ ձեռագրեր: 1611-ին Ս-ի Սարգիս վարդապետը Երուսաղեմում հանդիպել է տրապիզոնցի Կիրակոս քահանային. միասին վերադառնալով Հայաստան՝ հիմնել են Սյունյաց Մեծ անապատը: 1661-ին Սաղմոսավանքի առաջնորդ է դարձել Ոսկան Երևանցին: 1669-ին Սաղմոսավանք նորոգել է Գաբրիել վարդապետը: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:

Վայրը՝ Արագածոտնի մարզ

Հիմնադրվել է՝ 5 դար

Երևանից՝ 28,3 կմ/ 34 ր.

 Օշականը գյուղ է Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք: Ըստ ավանդության` նահապետ Նոյն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում` Օշականը եղել է նրանց սեփականությունը:   Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար: Ասվածաշնչի մեսրոպյան թարգնանությունը համարվում է աշխարհում լավագույնը: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.:   Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։   Այնուհետև 1875-79 թվականներին Գևորգ IV Կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում: Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, իսկ արևելյան կողմին կից 1884 թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը: Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է, ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով: 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել էորմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից:   Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962 թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը։

Վայրը` Լոռու մարզ, գ. Օձուն

Հիմնադրվել է` IV դ

Երևանից` 177կմ / 2ժ 20րոպե

Օձունի Գմբեթավոր Բազիլիկ

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությունը (4-7-րդ դարեր) բացառիկ նշանակություն ունի Հայաստանի եկեղեցական ճարտարապետության պատմության համար: 301թ. Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո սկսվում է կառուցապատման նոր փուլ` հորինվածքային, գեղարվ եստական ու կոնստրուկտիվ նոր սկզբունքների մշակմամբ, որոնց հիման վրա ծաղկում է ապրում ողջ միջնադարյան հայ ճարտարապետությունը:   Այդ շրջանի գլուխգործոցներից է 6-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարը: Տաճարը գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում` բարձրադիր բլրի վրա` շրջապատված Հայաստանի հյուսիսի չքնաղ բնությամբ, որի գունագեղ պատկերներն առավել հեքիաթային են դառնում աշնանը:   Տաճարն իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա` արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն հատակագծով, որը ներսից երեք զույգ մույթերով բաժանված է երեք նավերի, որոնցից կենտրոնականն ավելի լայն է և ավարտվում է կիսաշրջան ավագ խորանով, իսկ կողային նավերից բացվում են մուտքերը դեպի ավանդատներ: Եկեղեցու ողջ հորինվածքում տիրապետում է գմբեթը, որը տեղադրված է աղոթասրահի գրեթե կենտրոնում:   Տաճարը երեք կողմերից` հյուսիսից, արևմուտքից ու հարավից, շրջապատված է արտաքին սրահներով, որոնցից հարավայինում ու հյուսիսայինում ընդգծված են կամարաշարերը, իսկ արևմտյան կողմի սրահից բացվում է եկեղեցու կամարակապ մուտքը: Արևելյան ճակատի երկու կողմերում աչքի են ընկնում փոքրիկ զանգակատները:   Տաճարի հորինվածքային ամբողջությունը լրացնում են հուշարձանի գեղարվեստական արտահայտչ ամիջոցները: Ճակատները զարդարված են ամենատարբեր որմնաքանդակներով, որոնք ներկայացնում են բուսական զարդանախշեր, հավասարաթև խաչեր, պատերի մեջ ագուցված բարձրաքանդակներ, որոնցից մեկը ներկայացնում է Տիրամորը` մանուկ Քրիստոսը գրկին: Այդ բարձրաքանդակների մի մասը պատկանում է տաճարի կառուցման ժամանակին, մյուսներն ավելի հին են, և ենթադրվում է, որ այստեղ են փոխադրված այլ հուշարձաններից:   Օձունի տաճարի ընդհանուր համալիրի մեջ է մտնում տաճարի հյուսիս-արևելյան կողմում մեկուսի տեղադրվածմահարձանը` վաղ միջնադարյան մեմորիալ ճարտարապետության և քանդակագործության լավագույն նմուշներից մեկը: Բարձր պատվանդանի վրա կանգնած կամարակապ երեք մույթերի միջև կանգնեցված են մոտ 5մ բարձրությամբ քառակող երկու կոթողներ` ամբողջությամբ պատված բարձրարվեստ հարթաքանդակներով` երկրաչափական ու բուսական հարուստ զարդանախշերով, կրոնական բնույթի տեսարաններով: Հատկանշական է դրանցից մեկը, որը պատկերում է խոզագլուխ մարդու, ում ձեռքին կա խաչով պսակված գավազան: Ենթադրվում է, որ այդ պատկերը կապված է Հայոց Տրդատ թագավորի` խոզակերպ դառնալու ավանդույթի հետ: Հարթաքանդակներում կարելի է տեսնել նաև առաքյալների և Տիրամոր ու մանկան պատկերները:   Քոբայր վանական համալիրը գտնվում է Օձունի ճաճարից ոչ հեռու:

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 119կմ / 1ժ 59րոպե

  Նորավանք XIII-XIVդդ կառուցված վանքային համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց Ձորիմարզում,Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։   Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։   Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյաններիեկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։ Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները, գավիթը, եկեղեցի-տապանատունը, արևելյան կողմում՝ երկհարկ եկեղեցին, պարսպից դուրս՝ 2 մատուռ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում:   Համալիրի՝ XVII դարում կառուցված պարսպով շրջափակված բակում և գավթում կան բազմաթիվ մեծարժեքխաչքարեր. ուշագրավ են Տարսայիճ իշխանի հիշատակին Թամթա խաթունի պատվերով Մոմիկի կերտած խաչքարը և Բուրթելին ու նրա որդի Իվանեին նվիրված մի խաչքար (հայտնաբերվել է 1982–83 թթ-ին), որի վերին մասում պատկերված է Քրիստոսը՝ գահին, իսկ 2 կողմերում 12 առաքյալների դիմաքանդակներն են: Նորավանքն իր առանձնահատկություններով և արվեստների համադրությամբ հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:   Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործՄոմիկի գործունեությունից (1250–1339 թթ.)։ Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելանը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը: Մոմիկին են վերագրվում նաև Նորավանքի գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի ու լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998 թ-ին, օծվել 1999 թ-ին) եկեղեցու բարձրաքանդակները:  Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ: Հայտնի Թռչունների քարանձավը, որտեղ գտել են աշխարհի ամենահին կոշիկը, տեղակայված է Նորավանքին բավականին մոտ:

Վայրը` Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ

Հիմնադրվել է` XIV դ

Երևանից` 24կմ / 27րոպե

ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին է գտնվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին: Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին: Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է պարսպապատ  վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղակայված են մյուս շինությունները ` սեղանատունը , պահեստը, աղբյուրը: Եկեղեցին քառանկյուն գմբեթավոր բազիլիկ է` կառուցված սև և դեղնակարմիր, սրբատաշ տուֆով: Արևմտյան կողմում բուն կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զանգակատուն-ռոտոնդան: Նախասրահի կենտրոնական կամարն ավելի լայն և բարձր է, ինչի շնորհիվ ընդգծվում է կառույցի արևմտյան ճակատի ճարտարապետական արտահայտչականությունը: Հետաքրքիր է, որ, ի տարբերություն միջնադարյան մյուս եկեղեցիների, որոնց լուսամուտները բացվում են աշխարհի 4 կողմերի ուղղությամբ, Մուղնիում լուսամուտներն այս սկզբունքից որոշ չափով շեղված են: Գմբեթն ունի հովհարաձև ծածկ: Թմբուկն արտաքինից հարդարված է դեղնակարմրավուն քարերի 5 գոտիով, իսկ պատուհաններից վեր, մեկ ու մեջ` խաչի և 4 ավետարանների խորհրդանիշների (մարդ,եզ, առյուծ,արծիվ): Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցինճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է: Ս.Գևորգ եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր: Ամենահինը` 932, նորը 1975թ.-ի է: Հետաքրքիրն այն է, որ այս վերջին  խաչքարը գիշերով գաղտնի է տեղադրվել, և ոչ ոք չգիտի`ով է բերել: Քասախ գետից մինչև Մուղնի ձգվել է մոտ 1 կմ-անոց գաղտնի ճանապարհ, որը ծառայել է ջուր բերելու, վտանգավոր իրավիճակներում փախչելու և ձեռագիր  մատյանները փրկելու համար: Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջի շաբաթ օրը:  

Վայրը՝ Շիրակի մարզ

Հիմնադրվել է՝ 10-11 դդ

Երևանից՝ 134 կմ/ 1 ժ. 57 ր.

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքը միջնադարյան Հայաստանի կրոնական եւ մշակութային հռչակավոր կենտրոններից էր. ունեցել է մեծ մատենադարան, ճանաչված դպրոց:   Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր: Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել էՎահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին: Շինությունը ներսից ու դրսից պատված է սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով: Կենտրոնագմբեթ է, ունի բազմաթիվ քանդակապատ սյուներ, որոնք իրար են միանում ոչ պակաս զարդանախշ կամարներով:  Պատերին մի շարք արձանագրություններ կան. հարավայինի վրա արեւի ժամացույց է քանդակված: Գավիթում Վահրամ Պահլավունու գերեզմանն է` տապանագրով: Չնայած բազմաթիվ երկրաշարժերին, շինությունը լավ էր պահպանվել, փլվել էր միայն հյուսիսային պատը:   Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն:   Վահրամաշեն կաթողիկեի հարավային կողմում կա 11-րդ դարի մեկ ուրիշ եկեղեցի, որը եւս կենտրոնագմբեթ է: Ներկայումս խարխուլ վիճակում է: Մայր տաճարի հյուսիսային կողմից կես կիլոմետր հեռու կա 7-րդ դարի մի խոնարհված եկեղեցի:   Շրջակայքում կան քարայր-բնակավայրեր, դամբարաններ: Մարմաշենից մոտ 2 կմ արմ. բնական ժայռի վրա պահպանվել են ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրությունը Շիրակում իր նվաճումների մասին: Այդ ժայռի բարձրության վրա և շուրջը պահպանվում են Մարմաշենի բերդի ավերակները:

Վայրը` Տավուշի մարզ, գ. Աչաջուր

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 151կմ / 2ժ 5րոպե

Մակարավանք – 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Ներկայումս գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում: Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ: Մակարավանքը միջնադարյան Հայաստանի ամենակարևոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ-վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից: Մի ժամանակ Մակարավանքը շրջապատված էր բարձր պատերով: Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Վանքի տարածքում են գտնվում նաև 2 գերեզմանոց, կամարակապ դարպասը, աղբյուրը, ինչպես նաև տնտեսական շինությունների ավերակները: Գլխավոր եկեղեցին ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են կենդանական և բուսական  զարդամոտիվներով քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Առկա է նաև գավթի կառուցող  Վաչե Ա. Վաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի ( քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։ Ս.Աստվածածինը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը`1198 թ-ին։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռը: Նրա քադնման պատճառները մի քանիսն են: Առաջի պատճառը սողանքներն են: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ անդեզիտը, որն օգտագործվել է վանքի շինարարության ժամանակ, չի դիմանում խոնավությանը և փշրվում է: Մակարավանքը վերջին անգամ վերականգվել է 1970-1980թթ.: «Կանաչ Հայաստան» տուրի ընթացքում կարող եք այցելել Մակարավանք, ինչպես նաև այլ վայրեր, որոնք արտացոլում են Հայաստանի բնության գեղեցկությունը և հմայքը:

Վայրը` Լոռու մարզ

Հիմնադրվել է` 1171թ

Երևանից` 166կմ / 2ժ 20րոպե

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագրական հիշատակություններից երեւում է, որ Քոբայրը որպես մենաստան XIII դարի կեսերին արդեն կազմավորված ու հռչակված է եղել: Անվան ծագումը կապվում է այր /վրաց. քոբ/ բառի հետ:   Ժայռեղեն խոր կիրճի գեղանկար բնության հետ հուշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ: Հուշարձանախմբի արեւմտյան մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ, որից հորդող ջրվեժի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող բնապատկերը:   Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման եւ հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն միջնադարի կարեւոր գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Պատերի հայերեն եւ վրացերեն մեծ թվով արձանագրություններն արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին վերաբերող: Հուշարձանախումբը կարեւոր է հայ-վրացական մշակութային կապերի, եկեղեցական շենքերի հորինվածքում դավանանքի պահանջների դրսեւորման տեսակետից:   XII դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի (վրացադավան): Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը:   Հուշարձանի փոքր մասն է, որ շատ թե քիչ ամբողջական տեսք ունի. Գերակշիռ մասից պահպանվել են միայն պատերը (ողջ բարձրությամբ կամ մասնակիորեն): Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ` Գիորգին, Մխարգրձելը, հոգեւոր եւ աշխարհիկ նշանավոր գործիչներ:   Հայնտի Հնեվանքը գտնվում է նույն մարզում:

Վայրը`Արարատի մարզ

Հիմնադրվել է` 642թ

Երևանից` 44կմ / 38րոպե

Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է 13 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին` ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Երբ Լուսավորիչը փրկեց արքային անբուժելի հիվանդությունից, վերջինս ազատ արձակեց նրան: Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը,քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Մոտ 642 թ-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվածքային հորինվածքով նման է Զվարթնոցին:  Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող ուղղաձիգ աստիճանները (ներկայիս՝ մետաղյա) տանում են ներքնահարկ, ուր 4,4մ տրամագծով, 6մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Ս. Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս` գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը, սակայն, թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով: 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և վերականգնում ներսում գտնվող շինությունները։ 1703թ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: Վանքից արևմուտք «Օթեաց խաչ» սրբավայրն է, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը` «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»: Խոր վիրապի տոնակատարության օրը Սբ Զատկի կիրակիին հաջորդող կիրակին է: «Հարավային Հայաստան» տուրիստական փաթեթի սահմաններում կարող եք ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն և մշակույթին՝ այցելելով Խոր Վիրապ, Նորավանք, Արենի և Ջերմուկ:

Վայրը` Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր

Հիմնադրվել է` II դ

Երևանից` 58կմ / 51րոպե

  Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Այն գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կեչառիսի վանական համալիրը ներառում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII–XIII դարերի բազմաթիվ խաչքարեր:Սբ Գրիգոր Լուսավորիչ գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով: Գլխավոր եկեղեցուց հարավ գմբեթավոր Սբ. Նշան եկեղեցին է. ենթադրվում է, որ այն նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը 1051 թ-ին:   XII դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը հայտնվել էր ծանր վիճակում: 1161–65 թթ-ին Զաքարիա ամիրսպասալարն այն ազատագրեց և վերակենդանացրել վանքի հոգևոր կյանքը: Համալիրի հարավում գտնվող Կաթողիկե եկեղեցին 1203–14 թթ-ին կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը:   Հուշարձանախմբից դուրս (120 մ հեռավորությամբ)  1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը:   Կեչառիս վանքի ամբողջ պատմության ընթացքում այստեղ մի քանի անգամ վերականգնողական աշխատանքներ են տարվել: Առաջին անգամ վանքի եկեղեցիները վերակառուցվեցին 1248թ. մոնղոլների արշավանքից հետո: 1947-49թթ. վերանորոգվեց շինությունների տանիքները, իսկ վանքի տարածքը պարսպապատվեց: 1990թթ. վերակառուցվեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիները: 2000թ. Կեչառիս վանքը նորից օծվեց: Այժմ վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ծառայում է որպես Կոտայքի թեմի Առաջնորդանիստ:   Կեչառիս վանքի տարածքում թաղված է ճարտարապետ Վեցիկը, որի հիշատակը հավերժացնում է նրա գերեզմանին կանգնեցրած մահարձան-խաչքարը (13 դ): Կեչառիսի վանքը իր տեսքով համահնչուն է շրջապատի բնապատկերին: Կեչառիսի մոտակայքում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը, որը հայտնի է մատուցվող ծառայությունների բարձր որակով:

Վայրը` Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ

Հիմնադրվել է` VII դ

Երևանից` 23կմ / 30րոպե

 Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի բարձրադիր մասում: Այն կարծես իշխում է ամբողջ քաղաքի վրա, բայց ամենևին ոչ հսկայական ծավալով կառույց լինելու պատճարով: Հակառակը, բավականին փոքր, կոկիկ եկեղեցի է, պարզ, բայց ոչ հասարակ. դրանում էլ թաքնված է գեղեցկությունը: Ավաղ, եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվը և ճարտարապետը պարզ չեն, սակայն պատերի վրայով ձգվող արձանագրությունը, որը հանդես է գալիս եկեղեցու ծննդյան վկայականը,թույլ է տալիս կռահել, որ այն կառուցվել է VII դ.:   Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:   Խաչաձև գմբեթավոր եկեղեցու ներսում պահպանվել են Քրիստոնեական արվեստին բնորոշ 7-րդ դարի որմնանկարների մնացորդներ:  Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):   18-րդ դարից ինչեւ 1813թ Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:   Այս եկեղեցու բակում է թաղված հայ բանաստեղծ Գ. Էմինը, որը մի բանաստեղծության տեսքով կտակ է թողել, որտեղ իր ցանկությունն է հայտել հավերժ հանգիստը գտնելու հենց Կարմրավորի բակում:

Վայրը` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ

Հիմնադրվել է` 618թ

Երևանից` 19կմ / 22րոպե

  Հռիփսիմեի տաճարը հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, 618թ.-ին:   Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը: Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով:   Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ և այսօր գտնվում է նրա դամբարանը:   Vդ. այն ավիրել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը։ VIIդ. Կոմիտաս կաթողիկոսը այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը։ Հետագա դարերում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776թ.), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880թ.), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894թ.)։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի։

Վայրը` Արագածոտնի մարզ, գ. Օհանավան

Հիմնադրվել է` 1216թ.

Երևանից` 28կմ/35րոպե

  Հովհաննավանքը, որին այլ կերպ նաև անվանում են Օհանավանք, Արագածոտնի մարզի Հովհաննավան գյուղի մոտ գտնվող հայկական վանական համալիր է: Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Վանքի ամենահին շինությունը բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչիկողմից: Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն: Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին: Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին կից է միանավ բազիլիկ եկեղեցուն հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը: Գավիթ-ժամատունը կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից:  Սրանք 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են։ Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ։ Դրանք հավաքել ու հրատարակել է անվանի պատմաբան, վիմագրագետ Կարապետ Ղաֆադարյանը։ Հովհաննավանքի գրչության կենտրոնը Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ XVIդ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Օհանավան գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (մ.թ.ա. II-I հազարամյակ), գյուղատեղի, կոթող (VIIդ.), միաբանության բնակելի շենքեր (XVII-XVIIIդդ.), խաչքարերով գերեզմանոցներ (IX-XVIIդդ.)։

Վայրը՝ Լոռու մարզ

Երևանից՝ 164 կմ/ 2 ժ. 7 ր.

  Հնեվանքը գտնվում է Լոռու մարզում, Ձորագետի աջ ափին։ Կիսավեր համալիրը ներառել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է։   Գմբեթի վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հարավային մուտքից վեր վրացերեն արձանագրության, կառուցվել է XIII դ. սկզբին)։

Վայրը` Գեղարքունիքի մարզ, գ. Հայրավանք

Հիմնադրվել է` IX դ

Երևանից` 82կմ / 1ժ 3րոպե

Հայրավանք վանքային համալիրը գտնվում է  Հայրավանք գյուղի ժայռե  հրվանդանի վրա:  Հիմնադրվել է IX-XIII դդ. քառախորան եկեղեցու կառուցմամբ, որին կից  XX դ. կառուցվել է գավիթը: Վանքից 1 կմ հեռավորության  վրա գտնվում  է “Սպիտակ բերդ” կոչվող ամրոցը: Ավանդության համաձայն Հայրավանքը  վերջինիս հետ կապված է եղել ստորգետնյա  ուղիով և այդ պատճառով էլ կոչվել է նաև Այրիվանք: Եղել է գոյության կետրոն: Վանքն ունի  խաչաձև հատակագիծ, ըստ գավթի պատի վրա եղած արձանագրության կառուցվել է 1211 թ. սև, սրբատաշ, բազալտե քարերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում, առանց գմբեթի: 1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել: Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայրը կոտորածը չտեսնելու համար իրեն նետում է ձորը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնծված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: ԶարմացածԼենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից: Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք... Այստեղ նույնպես զբոսաշրջության կազմակերպումն ունի ձևավորված  ավանդությներ և լայն հնարավորություններ: Այստեղ առկա են ագրոտուիզմի համար նպաստավոր բոլոր պայմանները:

Վայրը` Շիրակի մարզ, գ. Հառիճ

Հիմնադրվել է` 1201

Երևանից` 111կմ / 1ժ 50րոպե

  Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Կառուցվել է VII–XIII դդ.: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։   XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց:  Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:   1850 թ. Հառիճավանքը դարձավ կաթողիկոսական ամառանոց: Այդ ժամանակ վանքի տարածքը զգալիորեն ընդլայնվեց, կառուցվեցին վանական խցեր, սեղանատուն, դպրոց, հանրակացարան, հյուրասենյակներ և մի շարք տնտեսական շինություններ:  

Վայրը` Լոռու մարզ, գ. Հաղպատ

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 185կմ / 2ժ 25րոպե

ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի ժառանգություն

 Հաղպատի վանական համալիրը գտնվում է  Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր     մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ: Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։   XII դ 2-րդ կեսից XIV դ Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն: Սանահինից այստեղ է տեղափոխվումտեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI դ վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, արաբները: XII դ 2-րդ կեսից XIV դ Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա`Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223 թ-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։   Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր։   XI-XIII դդ Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն,երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։  Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։   Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կարուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես՝ կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Վայրը` Տավուշի մարզ, գ. Հաղարծին

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 104կմ / 2ժ

  Հաղարծնի վանքի հիմնադրման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։   Համալիրն  ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է:   1281 թ-ին տեր Հովհաննեսն ու տեր Սարգիսը բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (հիմնադրվել է հավանաբար  X–XI դարերում): Եկեղեցին 1 զույգ մույթովգմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հարավային և արևմտյան դռներն ունեն XIIIդարին բնորոշ շքամուտքեր: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով:   Հաղարծինի սեղանատունը ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական ճարտարապետությանլավագույն նմուշներից է: Սեղանատան արևելյան մասում պահպանվել են այլ շինությունների (հավանաբար խոհանոցի, հացատան և այլն) ավերակներ: Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է:   Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:  

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 2001թ

  Գրիգոր Լուսավորիչը առաջին հայոց կաթողիկոսն է: Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը (Խոր Վիրապ), որտեղ Լուսավորիչն անցկացրել է 13 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին` ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Երբ Լուսավորիչը փրկեց արքային անբուժելի հիվանդությունից, վերջինս ազատ արձակեց նրան: Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, 301 թվկանին քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց Քրիստոնեությունը: Ի պատիվ Գրիգոր Լուսավորչի` հայ եկեղեցին նաև կոչվում է Լուսավորչական:   Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարեդարձի կապակցությամբ Երևանում մի նոր եկեղեցի կառուցելու առաջարկությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայացավ Վազգեն Ա. Վեհափառին։ Շուտով, Վեհափառ հայրապետի կարգադրությամբ, սկսվեցին եկեղեցու կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Ճարտարապետ Մարությանն առաջարկում էր այն կառուցել Զվարթնոցի տաճարի օրինակով, սակայն առաջարկությունը չընդունվեց, քանզի մի խումբ մտավորականների ու պաշտոնյաների համոզմամբ` 20-րդ դարում հարկ է նոր ժամանակներին բնորոշ եկեղեցի կառուցել։ Հայտարարված մրցույթում հավանության արժանացավ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։   Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ 1997թ., Սուրբ Աստվածածնի ավետման տոնակատարության օրը՝ ապրիլի 7-ին։ Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։

Վայրը` Տավուշի մարզ, Գոշ գ.

Հիմնադրվել է` XII դ

Երևանից` 115կմ / 2ժ

 Գոշավանք (նաև Նոր Գետիկ) հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում, Դիլիջանին բավականին մոտ: 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը գտնվում է Գետիկ գետի վտակի ափին: Գոշավանք անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան. վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:   Մխիթար Գոշը ժամանակի ճանաչված գիտնականներից էր, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ,պատմիչ, առակագիր ու մանկավարժ։ Նրա իմաստության համբավն այնքան էր տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ և շատ այլ գիտնականներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, այդ թվում` իրավաբանական մտքի մեծագույն նվաճումների շարքին դասվող «Գիրք Դատաստանին» (Դատաստանագիրքը), չափազանց հայտնի և սիրված Առակները, աղոթքներ ու շարականներ, կարևոր աստվածաբանական, պատմական աշխատություններ։ Նա մեծ հեղինակություն է վայելել ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում. եղել է Զաքարե Բ Մեծ Զաքարյանի խոստովանահայրն ու խորհրդատուն։   Ճարտարապետական համալիրում պահպանվե լ են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածինեկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի  ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:   Վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի և շինարվեստի նշանավոր օրինակներից է։ Մեզ են հասել շինարար վարպետներից երեքի անունները` ճարտարապետ Մխիթարի (Մխիթար Հյուսն), նրա աշակերտ Հովհաննեսի և անզուգական քարագործ վարպետ Պողոսի, որի ձեռագործ աշխատանքներից է Գոշավանքի նշանավոր խաչքարը։

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Գնդեվազ

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 158կմ/2ժ 20ր

  Գնդեվանքը միջնադարյան հայկական եկեղեցական համալիր է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Վանքը բավականին մոտ է Ջերմուկ հանգստավայրին: Եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:   Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եկեղեցում պահպանվել է Քրիստոսի, ինչպես նաև Ասվածամոր որմնանկարների հատվածներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»:   Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ:  

Վայրը` Արցախ, Շուշի

Հիմնադրվել է` 1868թ

Երևանից` 316կմ / 4ժ 10րոպե

 Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ԼՂՀ Շուշի քաղաքի կենտրոնում: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հանդիսանում է Շուշի քաղաքի հպարտությունը: Այդ մոնումենտալ կառույցը ներդաշնակորեն ձուլվում է շրջապատի միջավայրի հետ: Կառուցվել է 1868-1887-ին, փոքր միանավ եկեղեցու տեղում, Նախիջևանի Ղազանչի (Շահկերտ) գյուղից Շուշի գաղթած բնակիչների միջոցներով, ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանի նախագծով: Օծվել է 1888-ի սեպտեմբերի 20-ին: Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս.  Ամենափրկիչ եկեղեցին հայկական ամենախոշոր եկեղեցիներից է (35 մ երկարությամբ, 23 մ լայնությամբ և 35 մ բարձրությամբ):   Եկեղեցին գերիշխում է ոչ միայն ամբողջ բարձրավանդակի այլ նաև ընդարձակ Քարքարի հովտի վրա: Հատկապես արտահայտիչ է գմբեթը, որի սլացիկ թմբուկը ամբողջ կառույցին հաղորդում է վեհություն և շքեղություն:   Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի նշանավոր պաշտամունքային կառույցներից է, որի մեջ վառ կերպով արտացոլվում է հայ շինարարի հանճարը: Հատկապես ուշագրավ է Աստծո քանդակը հարավային պատին: Նրա արտաքուստ խաչաձև, չորս մույթերի վրա դրված բարձր գմբեթով ծավալատարածական հորինվածքում ակնհայտ էԷջմիածնի Մայր տաճարին նմանեցնելու ձգտումը: Եկեղեցում պահվել է ս. Գրիգորիսի Աջը:   Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Այն ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Եթե երկու հոգի կանգնի տրամագծորեն հակառակ կետերում, ապա մեկն ու մեկի շատ ցածր խոսացածը մյուսը շատ լավ կլսի, բայց սենյակում գտնվող այլ անձիք ոչինչ չեն լսի:   Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել է 1981-1988-ին` վերականգնող վարպետ Վ. Բաբայանի ջանքերով: 1988-ին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի: 1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից հետո շարունակվել է եկեղեցու և զանգակատան նորոգումը, որն ավարտվել է 1998-ին: Շուշիի Ղազանչեցոց Ս.  Ամենափրկիչ եկեղեցին վերաբացվել և մեծ հանդիսությամբ օծվել է 1998-ի հուլիսի 19-ին` Քրիստոսի Պայծառակերպության օրը:   Շուշին ոչ միայն ուղղակի հանգստանալու տարբերակ է, այլև էկոտուրիզմի հիանալի վայր, որտեղ կարող եք կատարել ճանաչողական ուղևորություններ: Բարձրակարգ Շուշի Գրանդ հյուրանոցն առաջարկում է որակյալ ծառայություններ ձեր հանգստի կազմակերպման համար:

Վայրը` Կոտայքի մարզ

Հիմնադրվել է` IV դ.

Երևանից` 36կմ / 47րոպե

 Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկր։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել էքրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, մինչև XIII դարը պահվում էր ս. Էջմիածինում։ Սակայն Հայաստանում, ներքին և արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով, 13-րդ դարում,  որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածին է տեղափոխվում ավանդական Գեղարդը, որի հետևանքով էլ հետագայում անվանվեց Գեղարդ: Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանը այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ): Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, որոնք մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Գեղարդավանքը հարուստ է նրբակերտզարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Դպրոցն ունեցել է հարուստմատենադարան։ Մեզ են հասել հայերեն շատ ձեռագրեր, որոնց մի մասը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, բայց եղել է անմատչելի,Գեղամա լեռներն էլ՝ նրան հուսալի պաշտպան։

Վայրը` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ

Հիմնադրվել է` 630թ

Երևանից` 21կմ / 26րոպե

 Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է: Այն գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է Էջմիածին քաղաքում, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը: Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է Եզր կաթողիկոսի կողմից 630 թվականին: 1652 թվականին հիմնովին վերանորոգվել են եկեղեցու պատերը և տանիքը, իսկ 1683 թվականին ճակատին կից կառուցվել է սրահը: Սուրբ Գայանե եկեղեցին պատկանում է VII դարի հայկական փայլուն ճարտարապետական կոթողների շարքին: Այն կենտրոնական նավով և երկու ավանդատներով բազիլիկ տիպի կենտրոնագմբեթ եկեղեցի է:   Մոտակայքում գտնվող գերեզմանում են թաղված նշանավոր հոգևոր և հասրակական գործիչներ:   Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը՝ հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց։ Հարավ արևմտյան խորանի միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն։   Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Այնտեղ, որտեղ սպանվել է սուրբ Գայանեն, կառուցվել է եկեղեցի:   Հնագույն ժամանակներից հայերը հայտնի են եղել իրենց ջերմ հյուրընկալությամբ և ավանդական ուտեստներով: «Ագապէ» ռեստորանը ամեն կերպ գործով ապացուցում է այդ համբավը:

Վայրը` Մարտակերտի շրջան, Արցախ

Հիմնադրվել է` 1240թ

Երևանից` 348կմ / 4ժ 47րոպե

Գանձասարը վանական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն. գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մերձակա Գանձասար բլրի վրա: Իր անունն ստացել է այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները։ Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը: 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին: Աչքի է ընկնում ճարտարապետական հարուստ հարդարանքով։ Արտաքին հարդարանքում ճարտարապետի ուշադրության կենտրոնում են եղել 16 նիստանի թմբուկը։ Թմբուկի նիստերը մեկընդմեջ ջլատված են անկյունաձև խորշերով, որտեղ տեղադրված են երկու կտիտորների, Ադամի և Եվայի, Քրիստոսի, Աստվածամոր բարձրաքանդակները։ Գավիթի արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը ինքնատիպ, բարձր վարպետությամբ կատարված, հարուստ քանդակազարդված արևմտյան շքամուտքն է։ Ըստ պատմական փաստերի` Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները: Դարեր շարունակ վանքը եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաև իշխանական տան անդամների խորաքանդակներ: Ընդհանուր առմամբ վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ։ Եկեղեցու գավիթը Խաչենի իշխանների տոհմական դամբարանն է։ Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը կզարմացնեն ցանկացած այցելուի:

Վայրը` ք. Էջմիածին

Հիմնադրվել է` 303թ

Երևանից` 23կմ / 25րոպե

Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը): Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը): Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն շուրջ 480 թ իշխան Վասակ Մամիկոնյանը այն վերակառուցում է` նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։ Մայր տաճարում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ խորանի ներքին մարմարի վրայի Աստվածամայրը): Էջմիածնի Մայր տաճարի համար պարբերաբար նկարներ են աստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները: Մայր տաճարի ներսի ձևավորման կարևոր տարրերն են եղել Նաղաշ Հովնաթանի գեղանկարչական, հաստոցային գործերը: Նա նկարել է սրբերի, հոգևորականների, բազմաֆիգուր թեմատիկ կտավներ: Մայր աթոռի շենքում գոծում է թանգարան, որտեղ պահպանվում են հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածուն: Թանգարանում պահվող սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին), Նոյյան Տապանի մասունքը: 7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ Էջմիածնի թանգարան-գանձարանը:

Վայրը` Արցախ

Հիմնադրվել է` I դ

Երևանից` 400կմ / 6ժ

Դադիվանք վանական համալիրը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Արցախի հնագույն վանական համալիրը գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև տեղակայված գեղեցիկ հովտում` Թարթառ գետի ձախ ափին: Վանական համալիրի անվանումը պատահական չէ ընտրված: Ըստ ավանդության վանական համալիրը կառուցվել է I դարում սուրբ Դադիի գերեզմանտեղիում: Դադին եղել է Թադեոս Առաքյալի 70 աշակերտներից մեկը, ով քրիստոնեություն էր քարոզում Արցախի Վերին Խաչենի գավառում: Եկեղեցին կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի, այսինքն` բլրակի վրա: Ի դեպ, Սուրբ Դադի առաքյալի մասունքները հայտնաբերվել են վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ 2007թ. Դադիվանքի վերանորոգման աշխատանքների ընթացքում:   Հայտնի է, որ XII դարում Դադիվանքում է ապրել Մխիթար Գոշը իր «Դատաստանագիրքը» գրելիս, որը դարձավ հայ միջնադարյան քաղաքակրթության առաջին օրենսգիրքը: Դադիվանքի համալիրը բաղկացած է շինությունն երի 2 մեծ խմբերից. հյուսիսում հոգևոր շինություններն են, իսկ հարավում` աշխարհիկ շենքերը. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն և այլն: Պահպանվել է Սուրբ Դադի միանավ եկեղեցին (X-XI դդ.), որն իր խոշոր չափերով եզակի է հայկական նույնատիպ եկեղեցիների շարքում: Նրան հարավից կից են վանքի երկրորդ` ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցին և թաղածածկ գավիթը:   1211-ին համալիրի հարավում պալատական դահլիճ է կառուցվել, որն ունի քառասյուն կենտրոնակազմ հորինվածք և լուսավորվում է երդիկից: 3 տարի անց Վախթանգ իշխանի կինը` Արզուխաթունը կառուցել է վանական համալիրի գոհարը` Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին` ի հիշատակ իր ամուսնու և 2 որդիների, ովքեր զոհվել էին պատերազմում:   Կաթողիկեն ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածքով եկեղեցի է: Գմբեթն ու ճակատաքարերը հարդարված են դեկորատիվ կամարաշարերով: Եկեղեցու հարավային պատին քանդակված են Արզուխաթունի որդիներ Հասան և Գրիգոր իշխանները` եկեղեցու մանրակերտով, իսկ արևելյան ճակատին Սբ. Դադիի և Վախթանգ իշխանի կիսանդրի պատկերաքանդակներն են:   Հայկական կերպարվեստի պատմության մեջ կարևոր են Կաթողիկե եկեղեցու որմնանկարները: Հարավային պատին պատկերված է Քրիստոսը Դավիթ Սքանչելագործին Ավետարան մեկնելիս, իսկ Աստվածածինը` խաչազարդ ուրար: Կաթողիկեին արևմուտքից կից է սյունասրահը, որն ավարտվում է զանգակատնով: Վերջինիս ստորին հարկում կանգնեցված են վանահայր Աթանասի պատվիրած նուրբ զարդաքանդակներով երկու բարձրարվեստ խաչքարերը:   Դադիվանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, վարելահողեր, անտառներ), որոնք տարածվել են մինչև Գեղարքունիք, սակայն դրանց մեծ մասը կորսվել է ադրբեջանական ասպատակությունն երի ժամանակ: Դարավերջին արված վերականգնողական աշխատանքներից հետո վանական համալիրը դարձյալ կանգուն է վեհ տեսքով և պատրաստ ընդունելու ցանկացած այցելուի:

Վայրը՝ Արագածոտն

Հիմնադրվել է՝ 7 դ

Երևանից՝ 48,5 կմ/45 ր.

 Սուրբ Գրիգոր եկեղեցին (Արուճավանք) Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրն է, որը գտնվում է Արագած լեռանարևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Արուճը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է (34.6 x 16.95 մ ) և նշանավոր թե՛ իր ճարտարապետությամբ և թե՛ կառույցի ժամանակակից որմնանկարներով։ Հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների համաձայն այն կառուցվել է Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառավարման և Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի գահակալության տարիներին։ Դու կարող եք Արուճավանք այցելել մեր «Տուր դեպի Գյումրի» փաթեթի շրջանակներում:

Վայրը` Արցախ, գ. Ամարաս

Հիմնադրվել է` IV դ

Երևանից` 375կմ / 6ժ

  Ամարասի վանքն Արցախի վաղմիջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոն էր, եպիսկոպոսանիստ: Վանական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում:   Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:   489 թ-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի գերեզմանի տեղը, վրան կառուցել է մատուռ, հետագայում՝ նաև եկեղեցի: Վանքն ապստամբել են Բուղայի արաբական հորդաները, մոնհոլները, որոնք ոչնչացրեցին վանքի մի մասը, քանի որ հանդիպեցին դիմադրությանը վանականների կողմից: Քոչվորները ավիրեցին վանքի պարիսպները և եկեղեցին, այնուամենայնիվ դպրոցը շարունակում էր գործել: Համեմատաբար կայուն տարիներին՝ XIX դարի երկրորդ կեսին, վանքը կորցրեց իր նախկին կրոնական և մշակութային դերը շրջանում և դարձավ ամրոց, հետագայում ռուս-պարսկական մաքսատուն:   Վանքը  հանդիսանում է Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկը. դրանց որոշ մասը կարող եք տեսնել տուր դեպի Արցախ փաթեթի շրջանակներում: Ամարասի վանքը կառուցված է հարթ տեղանքում՝ կանոնավոր ուղղանկյուն հատակագծով, 4 անկյուններում շրջանաձև բուրգերով ամրացված բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինություններ:   XIX դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի հարյուրավոր այցելուներ է ունենում Ամարաս վանքը։

Վայրը` Լոռու մարզ, գ. Ախթալա

Հիմնադրվել է` X դ

Երևանից` 194կմ / 2ժ 50րոպե

  Ախթալա քաղաքը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Լալվարի ստորոտում, Դեբեդի ձախ ափին։  Միջնադարում քաղաքը հայտնի է եղել Պղնձահանք անունով։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ. և նրա դին ամփոփվեց Պղնձանահքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում):   1887-1889թթ. Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ և երկրաբան Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով, որոնք թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով: Այստեղ նաև հայնտաբերվեց մեկ դամբարան, երբ մարդկանց դեռևս թաղում էին նստած դիրքով:   Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քակեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Վանքը կառուցվել է 1188 Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի դուստ Մարիամի կոմից: Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը:   Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը. XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:   Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:   Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով:  
Яндекс.Метрика