Հայաստան

Արմավիրի մարզ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը օգնում է ճանաչելու և գնահատելու անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները, որպես ներկայի ու ապագայի հիմունք։ Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ։ 1968 թվականի կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ Թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։ Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Զվարթնոց, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Հանրապետության Էջմիածինքաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Սուրբ Գայանե եկեղեցի, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Էջմիածին քաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկը, հայկական ճարտարապետության հուշարձան։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։ Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է։ Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-VII դարերում և ներկայացված է նույն ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք հուշարձաններով (Տեկորի, Բագավանի, Մրենի և Օձունի տաճարներ)։ Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը՝ հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց։ Հարավային ավանդատան միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն։ 1652 թվականին, Փիլիփոս կաթողիկոսի օրոք եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։ Քիչ անց՝ 1679թ. Արարատյան դաշտավայրումտեղի է ունենում մեծ երկրաշարժ, որից զգալիորեն տուժում է նաև Գայանեի վկայարանը։ Եվ ահա Եղիազար Այնթապցի կաթողիկոսը ձեռնամուխ է լինում այս տաճարի վերակառուցմանը։ Այդ առիթով թողած արձանագրության մեջ ասվում է, որ վերակառուցման ժամանակ վանքը շրջապատվել է միաբանական խցերով, ավելացվել են խորաններ Սբ. Պողոս և Պետրոս առաքյալների անուններով, որոնք զետեղված են եռակամար գավիթ-սրահի տակ, որը հետագայում դարձել է կաթողիկոսական դամբարան։ Որոշ ժամանակ անց՝ 1764թ. Սիմեոն Երևանցի հայրապետը վանքի տարածքում կառուցում է խոշոր սառցատուն, մառան կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «մաղազա», որը ծառայում էր վանքի մթերքները պահելու համար։ Իսկ 1847թ. Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը վանքի արևելյան պարսպին կից կառուցում է մեծածավալ գոմ, որն այսօր մեզ է հասել կիսավեր վիճակում։ Նույն ժամանակաշրջանում Գայանեի վանքի վանահայր Վահան եպս. Բաստամյանցը վերանորոգում է վանքը, կառուցում է արևմտյան կամարակապ դարպասը, նրա երկու կողմերում զետեղված շենքերը, որոնցից մեկը ծառայում է որպես դպրոց, որտեղն ինքն անձամբ է դասավանդում։ Նա նաև այստեղ հիմնում է փոքրիկ տպարան և սկսում հրատարակել «Դպրոց» ամսագիրը։ 1910թ. Նոր Նախիջևանի հայ համայնքը սրբուհու գերեզմանի համար սև գրանիտից տապանաքար է նվիրաբերում վանքին։ 1959թ. Վազգեն Վեհափառի կարգադրությամբ բարեկարգվում է եկեղեցու տարածքը, ինչպես նաև կառուցվում է մատաղատուն և աղբյուր(ճարտ. Ռ. Իսրայելյան)։ Գայանեի վանքի առջևի կամարակապ գավիթ-սրահում են ամփոփված Եղիազար Այնթապցի(1681-1691թթ.), Աբրահամ Խոշաբեցի (1730-1734թթ.), Ղազար Ջահկեցի (1737-1751թթ.), Մինաս Ակնեցի (1751-1753թթ.), Հակոբ Շամախեցի (1759-1763թթ.), Սիմեոն Երևանցի (1763-1780թթ.), Ղուկաս Կարնեցի (1780-1799թթ.), Դավիթ Էնեգեթցի (1801-1807թթ.) և այլ հայրապետների աճյուններ, իսկ վանքի շուրջ գտնվող գերեզմանատանն են հանգչում Րաֆֆու «Խենթի» հերոսը, զորահրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը, Ամենայն Հայեց Սոխակ՝ Լուսինե Զաքարյանը, Խ. Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը, Վազգեն Վեհափառի մայրը՝ տիկին Սիրանույշը և շատ ու շատ այլ նշանավոր մարդիկ։
Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։ Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն շուրջ 480 թ իշխան Վասակ Մամիկոնյանը այն վերակառուցում է՝ նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։ 7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանի մասը։ Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք կրոնական-պատմական կառույցներ՝ «Տրդատ թագավորի դուռը», «Ղազարապատը», Հին և նոր վեհարանները, միաբանական «Երեմյան» շենքը։ Թանգարանում են պահպանվում հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածու։
Մեծամոր, քաղաքային բնակավայր Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի 8853 բնակիչ։ Մեծամորը գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հյուսիս–արևելք, ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։ Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը։ Մեծամորը հիմնադրվել է 1969թ որպես ՀԱԷԿ-ը կառուցողների ժամանակավոր ավան։ 1972թ դարձել է բանավան, իսկ 1992թ ստացել քաղաքի կարգավիճակ։ Գլխավոր հատակագիծը և հասարակական շենքերը նախագծվել են 1968թ։
Яндекс.Метрика