Հայաստան

Գեղարքունիքի մարզ

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։ Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 կմ3 է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 կմ3։
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև XIX դ։ 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստանի Հանրապետություն։ Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։
Яндекс.Метрика