Հայաստան

Լոռու մարզ

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի)Տաշիր գավառի մեջ։ 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
Հաղպատավանք, հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, նախկին համալսարան ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Ստեփանավանի դենդրոպարկ կամ Սոճուտ բուսաբանական այգի գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից 85 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։
Ախթալայի վանական համալիր (նաև Պղնձահանք), X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քակեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր "Հայոց Պատմությունում" հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձանահքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիում)։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։ Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ։ Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ 13-րդ դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։ Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։ Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։ Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։ Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է “Նռան գույնի” որոշ տեսարաններ։ Ներկայումս վերականգնվում է եկեղեցու գմբեթը, ինչպես նաև վերանորոգվում է եկեղեցու այլ հատվածները։
Яндекс.Метрика