Հայաստան

Շիրակի մարզ

Մարմաշենի վանքը Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբըվերանորոգում են Կաթողիկեն։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։ Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն։
Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։ Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոց կան Վաղարշապատում և Սևանավանքում։
Яндекс.Метрика