Հայաստան

Հնագիտական հուշարձաններ

Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Սիսիան

Հիմնադրվել է` IV հազ. Ք. Ա.

Երևանից` 200կմ/3Ժ 20ր

 «Զորաց Քարեր» հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: «Զորաց Քարեր» անվանումը, որը նշանակում է «ուժի քարեր», կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։   Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ կշիռը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են մամուռով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։   Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները։   Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:   Ենթադրվում է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպեսաստղադիտարան: Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է` Ստոնհենջը (մ.թ.ա. II հազ.): Նման հնագույն հուշարձաններից է «Պորտաքարը»:  

Վայրը`  Հայկական լեռնաշխարհ

Հիմնադրվել է` Ք.Ա. II հազ.

  Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի (Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին) և հարակից շրջանների (Ջավախք/Թռեղք, Նախիջևան, Էրզրում/Կարս) բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են:   Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Այս հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում:   Վիշապաքարերի մի մասը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Դրանք կերտվել են միակտոր քարից. ամենամեծը ունի 5,06մ բարձրություն: Ունեն ձկան տեսք` վրան օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով: Սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր:   Վիշապները հայկական առասպելաբանության մեջ նախաստեղծ էակներ են: Միաժամանակ և դրական և բացասական հատկանիշները բնութագրական են առասպելաբանական վիշապներին: Օրինակ` հայկական ավանդապատումներից մեկում` ցուլ-լեռ Տավրոսը պոզահարում, սպանում է վիշապ-լեռ Զագրոսին որի վերքերից հոսող կենարար հեղուկից էլ ձևավորվում են Զաբ գետի ջրերը: Այստեղ Զագրոսը հանդես է գալիս իչպես չարի, այնպես էլ բարու` կերպարում: Հայկական և ընդհանրապես հնդևրոպական լեզվախմբի ժողովրդների առասպելներում և ավանդազրույցներում բնութագրական առանձնահատկություններից են դուալիստական մոտեցումները:  

Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Սիսիան

Հիմնադրվել է` III հազ. Ք. Ա.

Երևանից` 210կմ/3Ժ

  Ույծ գյուղը գտնվում է Սյունիքի մարզում,  Սիսիանից 2 կմ հարավ-արևելք։ Մինչև 1990 թ. կոչվել է Ուզ։ Գյուղն ունի 3 հազար տարվա պատմություն։ Այն հայտնի է մեգալիթյան բերդ-ամրոցով, կիկլոպյան բերդով։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ Ույծ նշանակում է զատ, անջատ։ Ունի 98 ընտանիք 361 բնակիչ։ Բնակիչները եկել են Պարսկաստանի Ուզումչի գյուղից։ Գյուղում կա 2 եկեղեցի, մեկն ավերված վիճակում։   Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, ինչպես  նաև դաշտավարությամբ և կերի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մշտական կինո, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժարան: Գյուղում աշխատում է ջրաղաց, ունեցել է ձիթհանք:  

Նույն մարզում կարող եք այցելել Գորիս՝ դարավոր պատմություն ունեցող ևս մեկ քաղաք:

Վայրը`  Գեղարքունիքի մարզ

Հիմնադրվել է` Ք.Ա. I հազ.

Երևանից` 136կմ/1ժ. 45ր

 Մարտունուց 15կմ հեռավորության վրա է գտնվում «Արփա-Սևան» թունելի ակունքը: Ակունքի մոտ է գտնվումԱրգիշտի թագավորի ուրարտական սեպագիր արձանագրությունը` Մենուայի որդու կառուցած քաղաքի մասին: Արձանագրությունը հայտնաբերվել է թունելի կառուցման համար իրականացված պայթյունների ժամանակ: Ըստ նախնական գեոդեզիական հաշվարկների թունելի ելքը պետք է լիներ այժմյան ելքից 20կմ հեռու Վարդենիկ գյուղի տարածքում, բայց այնպես ստացվեց, որ դուրս եկավ Վարդենիկ և Ծովինար գյուղերի մեջտեղում:

Վայրը`  Սյունիքի մարզ

Հիմնադրվել է` Ք.Ա. V-II հազ.

Երևանից` 200կմ/3Ժ

  Ուղտասարը լեռ է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։  Այն գտնվում է 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրության վրա:   Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով արված փորագրությունները։   Պարզունակ պատկերներն, այդուհանդերձ, զարմանալիորեն համապարփակ են` պատմելով առասպելների և ցեղերի սովորույթների, զգացմունքների, հույզերի և հավատալիքների, նախնիների պարտությունների և հաղթանակների մասին։   Ուղտասարի կենդանիների ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։   Կենդանիների ոճավորված պատկերներում ցայտուն գծերով արտահայտված են նրանց ամենաբնորոշ շարժումները, տեսակային առանձնահատկությունները: Թեմատիկ տեսարանների մեծ մասում անմիջական մասնակիցը մարդն է` պատկերված որսի տեսարաններում, շարժման մեջ, լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետարձակելիս, զինված նիզակով, հաճախ` պարանը ձեռքին:   Ուղտասարի ժայռապատկերների արվեստը տպավորիչ է թե գեղարվեստական առումով, թե բովանդակությամբ: Դրանք մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում. Միայն աննշան մասն է, հողմահարման ազդեցությամբ, վնասվելով պոկվել ժայռաբեկորների մակերևույթից, իսկ որոշ մասը, որ մոտ է աղբյուրներին, ծածկված է հողաշերտով: Սյունիքի մարզում է գտնվում նաև Հին Խնձորեսկը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախնադարյան հայի կենցաղին և մտածելակերպին:

Վայրը`  Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ

Հիմնադրվել է` Ք.Ա. V հազ.

Երևանից` 130կմ/1ժ. 40ր

  Վարդենիսի լեռնաշղթայի Սևսար լեռան հնագույն երկնադիտական համալիրը գտնվում է Գեղհովիտ գյուղից 8 կմ հարավ, 2650 մ բարձրությամբ: Ամենամեծ քարաբեկորի 6 մ2 մակերեսին փորագրված են մետրանոց շրջանաձև մի շքեղ պատկեր, երկու մարդապատկեր, ձի, օձ-վիշապներ, աստղանշաններ, կետախմբեր, բոլորակներ և այլ նշաններ` խաչեր, մահիկ, անկյունիկներ:   Ժայռապատկերը մեկնաբանվել է տարբեր կերպ: Կարծիք կա, որ շրջանաձև պատկերն արևային ժամացույց է, իսկ կից նշանները՝ օրացույցներ: Մեկ այլ մեկնաբանության համաձայն` շրջանաձև պատկերը չափազանց հազվադեպ մի երևույթի՝ խոշոր ասուպի պատկեր է, իսկ կից նշանները՝ համաստեղություններ են:   Թվագրման հնարավորություն ընձեռելու առումով միակ խոստումնալից վարկածը Բ. Թումանյանինն է. շրջանաձև պատկերից սկիզբ առնող երեք կոր ճառագայթները նշում են երկնաքարի սրընթաց թռիչքի ուղղությունը. և այն ճիշտ դեպի Աժդահակ լեռն է` ՀՀ երրորդ գագաթը (3597 մ): Իսկ Աժդահակ հրաբխակոնի հիմքի հյուսիս-արևմտյան մասում՝ 3210 մ բարձրությամբ կա 4 մ խորությամբ, 28 և 36 մ առանցքներով խառնարան, որը կարող էր առաջացնել 80-300 կգ զանգվածով և 20-10 կմ/վ արագությամբ ընկնող երկնաքարը: Գուցե սա հենց այն երկնաքարի անկման հետքն է:  

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` III հազ. Ք. Ա.

  Շենգավիթ  բնակատեղին Հայաստանի Վաղ Բրոնզի շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է: Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, Հրազդան գետի ձախ ափին: Բլուրն ունի 6 հա մակերես  և գտնվում է Հրազդան գետի մակերևույթից 30 մ բարձրության վրա:   Շենգավիթն ունեցել է շատ հարմար դիրք. նախ և առաջ Հրազդան գետը, որը սննդի և ջրի անսպառ աղբյուր էր: Այստեղ եղել են մեծ քանակությամբ ձկներ, այդ թվում նաև լճային ձկներ. Հրազդան գետն ամբարտակով փակվել է, և ստեղծել են արհեստական լճեր, որտեղ և բնակվել են այդ ձկները: Շենգավիթը բացառիկ էր իր սննդի պաշարներով: Այստեղ գտնվել են հացահատիկի հորեր, որոնք կարող էին ամբարել մինչև 4 տոննա հացահատիկ: Արդեն հայտնաբերված հորերում եղած հացահատիկով կարող էր ամբողջ տարին կերակրվել շուրջ 1000 մարդ:   Բուն բնակատեղին բաղկացած է հաջորդաբար իրար վրա կառուցված մշակութային ու հնագիտական 4 շերտերից՝ 4 մետր խորությամբ: 1- ին շերտ՝ ուշ նեոլիթ / 3500-3000 թթ/, 2-րդ շերտ՝ վաղ էնեոլիթ /3000-2700թթ/, 3-րդ շերտ՝ միջին էնեոլիթ /2600-2300թթ/, 4-րդ շերտ՝ ուշ էնեոլիթ /2300-2000 թթ/:   Պեղումների արդյունքում բացվել են  առանց որոշակի հատակագծի՝ կացարաններ ու տնտեսական կառույցներ` խառնիխուռն դասավորությամբ, անկանոն ու ծուռումուռ նրբանցքներով. պեղվել է դամբարանադաշտը: Գտնվել են նաև մեծ թվով այծի ու ոչխարի ոսկորներից պատրաստված հերուններ, բրիչներ, ինչը վկայում է զարգացած անասնապահության մասին: Գտածոների առկայությունը վկայում է, որ Շենգավթի բնակիչները ունեցել են նստակյաց կենսակերպ, զբաղվել են երկրագործությամբ, հատկապես հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Հայտնաբերվել են ցորենի ածխացած մնացորդներ: ՈՒշադրության արժանի են նաև բազալտե աղորիքները և քարե սանդերը` վարսանդներով (հավանգ), որոնցով աղացել կամ մանրեցրել են սերմնահատիկները:   Պեղված նյութերի հիման վրա 1968 թվականին բացվում է  Շենգավիթ թանգարանը, որը հանդիսանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի մասնաճյուղը: 2003թ. թանգարանը վերանվանվել է Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի: Հնավայրի նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում:  

Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Սիսիան

Երևանից` 220կմ/3Ժ 20ր

  Պորտաքարը տեղակայված է Սիսիան քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Այն քարանձավի վերնամասի ժայռաբեկորային մի քանի քառակուսի մետր ողորկ հատվածից դուրս եկած կոնաձև ելուստ է: Ժողովրդական հավատալիքներում հազարամյակներ շարունակ այս հուշարձանը եղել է աշխարհի կենտրոնի և մարդկության առաջացման վայրը։ Պորտաքարը երկպագվել է որպես վերարտադրության ու պտղաբերության, բեղմնավորող ուժի խորհրդանիշ (ամենայն հավանականությամբ կապված է Անահիտ աստվածուհու պաշտամունքի հետ)։   Ըստ ավանդության ամուլ կանայք այստեղ գալով՝ կատարում են որոշ ծիսակատարություններ, որից հետո պորտով հպվելով քարին՝ պտտվում են: Այստեղ ուխտի գալով՝ կանայք հոգեբանորեն բուժվել են: Ճանապարհին կարող եք Սմբատաբերդ այցելել:

Վայրը` Կոտայքի մարզ

Հիմնադրվել է` VII հազ. Ք. Ա.

Երևանից` 40կմ/50ր

  Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն կետը Գեղ լեռն է (Աժդահակ), 3597մ: Շղթան գտնվում է Երեւանի եւ Սեւանա լճի միջեւ։ Ձգվում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից՝ հարավ-հարավ-արեւելք։ Իրենից ներկայացնում է մոտ 2800-3000մ բարձրությամբ սարավանդ՝ դրա վրա բարձրացող հրաբխային կոներով (Գեղ (Աժդահակ), Սեւկատարը, Արմաղան եւ այլն):   Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն իրենց նմանակը: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել են հոգևոր և ծիսական նշանակություն:   Հայկական լեռնաշխարհում տարածված հավատալիքներն իրենց զարգացման առավել բարձր աստիճանին են հասնում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում: Այդ շրջանի պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում արևի պաշտամունքը:   Գեղամա լեռների պատկերներ մեջ աչքի են զարնում վայրի կենդանիների ամենատարբեր տեսակների, նրանց մեծ ու փոքր խմբերի ահռելի քանակն ու բազմազանությունը: Հստակորեն նշմարվում են ինչպես չորրորդական ժամանակներից պահպանված, այժմ Հայստանում գոյություն չունեցող, այնպես էլ մեր օրերին բնորոշ կենդանիների պատկերներ: Դրանք են՝ զուբրը, վայրի ցուլը (կամ կովը), կովկասյան ազնիվ եղջերուն, առյուծը հեպարդը, իշայծամը, կխտարները, ընտելացված ու վայրի ձիերը (շատ ուշ), աղվեսն ու գայլը, շների շատ տարատեսակներ, վարազը, լուսանը, ընձառյուծը, նապաստակն ու մանր կենդանիների վատ որոշվող մի քանի տեսակները, սողունների զանազան տիպերը, վերջապես՝ բադը, սագը, արագիլը, կարապը, կաքավը: Այս կենդանիներից շատերը այժմ էլ ազատ ապրում են Գեղամա լեռներու:   Գեղամա լեռների ժայռապատկերները մանրակրկիտ ուսումնասիրված են և նրանց ժամանակագրությունը ավելի որոշակի է: Տարբեր ժամանակներում ու նպատակներով կատարվել են երեք-չորս հազար պատկեներ, որոնք, չնայած կատարման պայմանական ձևերին, աչքի են ընկնում բնորդի բնորոշ առանձնահատկությունների ճշգրիտ, բայց ընդհանրացված արտահայտման, դինամիկ էության արտաբերման, սուր դատողականության, ներգործուն նրբություններով:

Վայրը`  Արմավիրի մարզ

Հիմնադրվել է` Ք.Ա. III հազ.

Երևանից` 35կմ/30ր

Մեծամորը քաղաքային բնակավայր է Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, ունի 8853 բնակիչ։ Մեծամորի շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը ևհնագիտական արգելոց-թանգարանը։ Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Մեծամորըերկաթագործության հնագույն կենտրոններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը: Վաղ երկաթի դարաշրջանում ՄեծամորնԱրարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր: Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ:  

Վայրը`  Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն

Հիմնադրվել է` Ք.Ա.  V հազ.

Երևանից` 62կմ/50ր

  Լճաշեն գյուղը տեղադրված է Գեղամա լեռների հյուսիսային լանջին. ունի բարձր դիրք շրջապատի նկատմամբ։ Գյուղի արևելյան կողմում Լճաշենի հնավայրն է` հնագիտական կարևորագույն հուշարձաններից մեկը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախկին խորհրդային ողջ տարածքում:   Լճաշենը  տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձանների համալիր է: Գյուղի տարածքը թանգարան է բաց երկնքի տակ: Այն իրենից ներկայացնում է մինչուրարտական ժամանակաշրջանի բնակավայր, որը շրջապատված է եղել կիկլոպյան պարսպաշարերով: Կատարված պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են նախապատմական բերդամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ:  Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, նաեւ բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի հազվագյուտ զարդերից են:   Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները,  Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում:   Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա են գտնվում Լճաշենի հայտնի Կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին:  Այն գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն, որը փռված է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Լճաշենի ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր  քարաբուրգեր ու աշտարակներ: Ամրոցը ծածկված է  բազմաթիվ ավերակներով: Պարիսպը կառուցվել է բլուրների առավել բարձր լանջերի վրա, որոնք իրենց մեջ են ընդգրկել  անմատչելի ժայռեր:   Լճաշենի տարածքում ապրել է 42 ընտանիք։ Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել էՍևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների. Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են մահմեդական տարբեր ցեղեր։ Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի որոշ հատվածներից այստեղ են վերաբնակվել։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադենից։   Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թ:

Վայրը`  Արմավիրի մարզ, գ. Հայկավան

Հիմնադրվել է` I հազ. Ք. Ա.

Երևանից` 50կմ/50ր

 Արմավիրը գյուղական համայնք է ՀՀ Արմավիրի մարզում, Հայաստանի վաղնջական, հին համայնքներից մեկը։ Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Այրարատյան թագավորությանհիմնադիր Արամայիսը:   Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. մոտ 776 թ-ին տարածքի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերածվել է տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնի և ռազմական հենակետի: Արգիշտիխինիլին, սերտաճելով Արմավիրին, մ. թ. ա. IV–III դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով նույն անունը: Արմավիրը պաշտամունքային խոշոր կենտրոններից էր: Զվարթնոց տաճարը գտնվում է նույն մարզում:

Վայրը`  Արարատի մարզ, ք. Դվին

Հիմնադրվել է` IV հազ.

Երևանից` 38կմ/40ր

  Դվինը գտնվում է Արտաշատ քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք: Այն, մոտ հազարամյա պատմությամբ, Հայաստանի ամենանշանավոր եւ համեմատաբար լավ ուսումնասիրված քաղաքներից է, Հայաստանի 12 մայրաքաղաքներիցմեկը։   Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Դվին մայրաքաղաքը կառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, տաճարներ, աշտարակներ:   Այսօր այստեղ հիմնականում զբաղվում են այգեգործությամբ. աճեցնում են`  խաղող, ծիրան, դեղձ և խնձոր: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, բադրիջան ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Արենի

Հիմնադրվել է` IV հազ.

Երևանից` 110կմ/1Ժ 30ր

Թռչունների քարանձավը գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի մոտ` 30մ բարձրության վրա:  Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ (դեպի կիրճը թեքվելիս աջ կողմում): Այնտեղ կարելի է հասնել ռեստորանի հետևից բլուրն ի վեր բարձրացող արահետով, որը տանում է դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։ Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ունի ևս մի քանի փոքր խորշեր:Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով: Այն դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ: Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն: Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին: Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։ Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: Կա պատմամշակութային, էկոլոգիական, էքստրիմ և գինու տուրիզմի մեծ պոտենցիալ: Յուրաքանչյուր տարի Արենի գյուղում կազմակերպվում է բերքի / գինու տոն, որտեղ ներկայացվում է Արենի համայնքի և հարակից գյուղերի արտադրանքը: Այս տարածքում են գտնվում բազմաթիվ հնավայրեր, խաչքարեր, տեսարժան վայրեր, Մոմիկ ճարտարապետի կողմից կառուցված սուրբ Աստվածածին, Նորավանք եկեղեցիները և այլն:

Վայրը`  Արարատի մարզ, Արտաշատ

Հիմնադրվել է` Ք.Ա. 197թ.

Երևանից` 33կմ/45ր

  Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մթա 197 թ.-ին և տևում 30 տարի։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։ Հենց այստեղ է տեղակայված հայտնի Խոր Վիրապը:   Քաղաքի անվանումը բացատրվում է որպես «Արտաշեսի ուրախություն»: Ամբողջ հայոց պատմության մեջ Արտաշատը միակն է, որ չորս դար, իհարկե կրճատումներով, եղել է Հայաստանի մայրաքաղաք։ Նույնիսկ այժմյան քաղաքամայր Երևանը և Էրեբունին միասին այդքան տարի չեն կրել այդ կոչումը ինչքան կրել է Արտաշատը։   2007 թվականի սեպտեմբերի 14-ին Ժորես Խաչատրյանի գլխավորած խումբը Արտաշատ մայրաքաղաքում հայտնաբերեց մի տաճար, որը նվիրված էր արևի հնագույն աստված Միհրին։ Պեղումներից պարզ դարձավ, որ այն շատ անգամ մեծ ու շքեղ է Գառնու տաճարից։ Այս պեղումները սկսվել էին դեռ 1970-ականներից, սակայն խորհրդային կառավարությունն արգելել էր պեղումներ կատարել Թուրքիայի տարածքում։   2007-ի պեղումներից մեզ հասել են այսպիսի տեղեկություններ, ըստ որի հնագույն Արտաշատի տարածը եղել է մոտավորապես 4կմ², ինչը 2,5 անգամ փոքր է այժմյան Արտաշատից։ Ունեցել է 150000 բնակիչ, ինչը մոտ 6 անգամ շատ է այժմյան Արտաշատի բնակչությունից։ Պաշտպանական պարիսպները ձգվել են մինչև 10 կմ հեռավորության վրա: Այստեղ հայտնաբերվել է մոտ 2000 տարվա պատմություն ունեցող կոյուղագծով զուգարան։   2008 թվականի Հունիսի 10-ին մի խումբ հայ հնագետներ Պավել Ավետիսյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում և արդյունքում գտան հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։ Հետագա պեղումների արդյունքում գտնվեց նաև հնագույն տաճարի տնտեսական հատվածը։  

Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Ագարակ

Հիմնադրվել է` III հազ.

Երևանից` 383կմ/5Ժ 20ր

  Պատմամշակութային Ագարակ արգելոցը գտնվում է Արագած լեռից հարավ, Ամբերդ գետակի ափին: Անցնելով նույնանուն գյուղը բաժանող ճանապարհը, միանգամից մարդը հայտնվում ես այլ ժամանակներում` կարծես ակնթարթորեն հաղթահարելով տասնյակ դարերի հսկա վիհը: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ:   Հուշարձանախումբը ներկայանում է քարակոփ և ժայռափոր կերտվածքների համալիրներով և դրանց շուրջը տարածված բազմաշերտ բնակավայրերով ու դամբարանադաշտերով:   Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001թ.-ին: Պեղումների արդյունքերը ցույց են տվել, որ այս տարածքը բնակեցվել է մթա III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաևԵրվանդունիների ու Արտաշեսյանների հարստության օրոք (մթա VI-Iդդ), իսկ հետագայում շարունակել է իր գոյությունը մինչև XVII-XVIII դարերը:   Ագարակի արգելոցի տարածքը հսկայական է, այն 118 հա է զբաղեցնում: Ագարակի համալիրը «բազամշերտ է». մարդն այստեղ ապրել եւ արարել է տարբեր պատմական դարաշրջաններում: Սակայն առայժմ պեղված է միայն մի փոքր մասը՝ վերը նշված ժայռը եւ դրա շուրջը: Այստեղ հայտնաբերվել է փողոց, որի եզրերին շրջանաձեւ հատակագծով տներ են եւ այլ ուղղանկյուն կառույցներ: Ժայռի հարավային կողմում հայտնաբերվել են արդեն Վանի թագավորության (ուրարտական) ժամանակշրջանի իրեր, դամբարանախորշեր, մ.թ.ա VIII-VI դդ. խեցեղեն:   Ըստ ուսումնասիրությունների, Ագարակը Երվանդյանների շրջանում քաղաքատիպ բնակատեղի է եղել, որի անվանումը դեռեւս հայտնի չէ: Քաղաք-տաճարում հայտնաբերված մեծ քանակությամբ ժայռափոր հնձանները վկայում են, որ այն եղել է խոշոր խաղողագործական եւ գինեգործական կենտրոն:   Ագարակի զարթոնքը եղել է մ.թ.ա. IV-III դդ. մինչեւ II-IV դարերը, երբ բնակավայրը ներգրավվել է, այսպես կոչված,միաջազզային առեւտրի մեջ: Այդ մասին են վակայում հելլենիստական եւ հռոմեկան շրջանի մետաղադրամները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:   Ագարակի հնավայրի 2001-2003 թթ. ուսումնասիրություններից պարզվել է, որ բնակատեղին մի քանի փուլերով է բնակեցվել, բազմաթիվ շերտեր կան, եւ ամենավաղ շերտերը վերագրվում են վաղ բրոնզե դարին`Քրիստոսից առաջ 29-27-րդ դարերին:  
Яндекс.Метрика